Նպատակը՝ Փոփոխություն
Ծրագրի կարևոր արդյունքներից մեկը Վանաձորի համայնքային մանկապարտեզներում իրականացվող դրամահավաքների և աշխատակիցների իրական կարիքների վերաբերյալ փաստերի վրա հիմնված պատկերացում ձևավորելն էր։
«Նպատակը՝ Փոփոխություն» ծրագիրն ուղղված էր Վանաձորի հանրակրթության ոլորտում բյուջետային գործընթացների թափանցիկության, արդյունավետության և հաշվետվողականության բարձրացմանը՝ ապացույցահեն հետազոտության, շահերի պաշտպանության և հանրային մասնակցության միջոցով։
Ծրագրի հիմքում 2024 թվականին իրականացված «Բյուջե 360°» մոնիթորինգի արդյունքներն էին։ Դրանց շարունակական ուսումնասիրության միջոցով «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն նպատակ ուներ բացահայտված խնդիրները վերածելու կոնկրետ առաջարկների և նպաստելու համայնքային մակարդակում որոշումների կայացման գործընթացների բարելավմանը։
Իրականացվել է՝
Ծրագրի շրջանակում կազմակերպությունն իրականացրեց մի շարք փոխկապակցված գործողություններ՝ խնդիրների բացահայտումից մինչև դրանց լուծման առաջարկների ներկայացում։
- Մշակվեց երեք քաղաքականության առաջարկ։ Առաջարկները ներկայացվեցին Վանաձորի համայնքապետարանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
- Անցկացվեց չորս աշխատանքային հանդիպում։ Հանդիպումներին մասնակցեցին Վանաձորի ավագանու խմբակցությունների ներկայացուցիչները և Լոռու մարզպետը։ Քննարկվեցին կրթության ոլորտում բացահայտված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։
- Կազմակերպվեց պանելային քննարկում Վանաձորի համայնքապետարանում։ Քննարկմանը ներգրավվեցին կրթության ոլորտի փորձագետներ, ավագանու անդամներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր՝ խնդիրների և հնարավոր լուծումների շուրջ մասնագիտական երկխոսություն ապահովելու նպատակով։
Ինչ փոխվեց ծրագրի արդյունքում
Ծրագրի կարևոր արդյունքներից մեկը Վանաձորի համայնքային մանկապարտեզներում իրականացվող դրամահավաքների և աշխատակիցների իրական կարիքների վերաբերյալ փաստերի վրա հիմնված պատկերացում ձևավորելն էր։
Հավաքագրված և վերլուծված տվյալների հիման վրա կազմակերպությունը բացահայտված խնդիրներն ու առաջարկվող լուծումները ներկայացրեց համապատասխան որոշում կայացնողներին ՝ նպաստելով խնդրի շուրջ հանրային և ինստիտուցիոնալ քննարկմանը։
Ծրագրի նշանակալի արդյունքներից էր Վանաձորի ավագանու՝ համայնքային մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին որոշումը։ Այս գործընթացը ցույց տվեց, թե ինչպես կարող են մոնիթորինգի տվյալները, մասնագիտական վերլուծությունն ու շահերի պաշտպանությունը նպաստել հանրային նշանակության որոշումների կայացմանը։
«Նպատակը՝ Փոփոխություն» ծրագիրը մեկ անգամ ևս ընդգծեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հանրային խնդիրների բացահայտման, ապացույցների հավաքագրման, առաջարկների մշակման և որոշում կայացնողների հետ կառուցողական երկխոսության ձևավորման գործում։
Նկարներ ծրագրից

